Armenian

Նորություններ : 2006 - 2007 : Մեր թիվը կրկին ավելանում է

Ուրախությամբ հայտարարում ենք, որ "Երիտասարդական Նվաճումները", ինչպես եւ խոստացել էր, ավելացնում է YES ծրագրի մասնակից դպրոցների թիվը: Արդեն նոր ուսումնական տարվա սկզբից բանավեճի ակումբներ կստեղծվեն եւս 30 դպրոցներում: Այդպիսով մասնակից դպրոցների ընդհանուր թիվը կհասնի 80-ի: Նախատեսվում է ընդլայնել նաեւ ծրագրի աշխարհագրությունը: Երեւանի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերին կմիանա Գեղարքունիքը՝ Սեւան եւ Գավառ քաղաքներով: Այս նպատակներին հասնելու համար YES-ի աշխատակիցները դեռ փետրվար ամսից սկսել են դպրոցների ընտրությունը: Նախ որոշվել են այն քաղաքները, որտեղից առավել նպատակահարմար է ընդգրկել նոր դպրոցներ, այնուհետեւ կապ է հաստատվել մարզպետարանների եւ քաղաքապետարանների համապատասխան վարչությունների հետ: Երեւանի եւ Գեղարքունիքի կրթության վարչությունների գործուն մասնակցությամբ ծրագրի մասին տեղեկացվեցին Երեւան, Գավառ եւ Սեվան քաղաքների մոտ 25 դպրոցներ, որոնց մեծ մասը հետագայում մասնակցության հայտ ներկայացրեց:Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում, որտեղ ծրագիրը հաջողությամբ իրականացվում է արդեն երեք տարի, բազմաթիվ դպրոցներ սեփական նախաձեռնությամբ դիմում ներկայացրեցին մասնակցության համար: Դիմած դպրոցների՝ ղեկավարի թեկնածու ուսուցիչների մեծ մասը մայիսին հրավիրվեց ներկա գտնվելու ամսի 16-18-ը կայացած Բանավեճի հանրապետական մրցաշարին, որտեղ նրանք հնարավորություն ունեին անմիջականորեն ծանոթանալ YES բանավեճի էությանը, կանոններին, ինչպես նաեւ հետեւել իրական բանավեճերի ընթացքին՝ հմուտ բանավիճողների մասնակցությամբ:Հունիսի 4-8-ը վերը նշված քաղաքներում տեղի ունեցան հայտ ներկայացրած բոլոր դպրոցների՝ ակումբի ղեկավարի պաշտոնին հավակնող ուսուցիչների հետ հարցազրույցները: Հարցազրույցների ընթացքում ծրագրի աշխատակիցներն ավելի մանրամասն տեղեկացան դիմած դպրոցներում իրականացվող արտադասարանական միջոցառումների եւ դրանցում թեկնածու ուսուցիչների ներգրավվածության մասին, ինչպես նաեւ պարզաբանվեց վերջիններիս ծանրաբեռնվածությունն ու ակումբը ղեկավարելու պատրաստակամությունը: Ընտրված ուսուցիչները օգոստոսի վերջին կհրավիրվեն Երեւան՝ մասնակցելու ԵՆ կողմից կազմակերպված եռօրյա դասընթացներին: Դրանց ընթացքում ղեկավարները մանրամասն կծանոթանան YES բանավեճի հիմունքներին, աշխատանքի մեթոդներին եւ նրբություններին: Նրանց կտրամադրվեն "Բանավեճի հիմունքներ" ձեռնարկի 2007թ. վերահրատարակված տարբերակները:Սեպտեմբեր ամսից նրանք արդեն կհավաքագրեն ակումբների անդամներին եւ կսկսեն իրենց բնականոն աշխատանքները: Մաղթում ենք բարի՜ երթ:

վերադառնալ ցանկին