Նորություններ : 2005 - 2006 : Ծրագիրը հաստատուն քայլերով գնում է առաջ
Ծրագրի մասնակից Գյումրի, Վանաձոր եւ Երեւան քաղաքներում իրենց ընթացիկ
աշխատանքներն են շարունակում բանավեճի ակումբները: Եվ թեպետ արդեն
հետեւում են մնացել ներդպրոցական բանավեճերն ու քաղաքացիական
նախաձեռնությունների շրջանակներում կազմակերպված կլոր
սեղան-քննարկումները, բանավեճի ակումբները շարունակում են աշխատել` մեծ
ոգեւորությամբ պատրաստվելով Բանավեճի ակումբների ցուցահանդեսին ու
Միջդպրոցական մրցաշարին (թեմաները եւ հղումները տե'ս "Բանավեճեր
բաժնում" ):
"Մարդու իրավունքներ" թեմայով մարտի 27-30-ը կազմակերպված կլոր սեղանները
երեք քաղաքներում էլ ընթացան ակտիվ հարց ու պատասխանի ու քննարկումների
մթնոլորտում: Թեպետ առաջադրված հարցերը շատ էին ու բազմաբնույթ, հրավիրված
փորձագետները մեծ համբերատարությամբ ու սիրով էին պատասխանում
մասնակիցների հարցերին, որոնք մերթընդմերթ շեղվում էին թեմայից`
վերաբերելով աշակերտ-ուսուցիչ հարաբերություններին, դպրոցում առկա
ուսպլանին ու գնահատման համակարգին:
Այնուամենայնիվ, կազմակերպված կլոր սեղանները մի անգամ եւս ցույց տվեցին,
որ բանավեճի ակումբների անդամներին` որպես երկրի ապագան կերտողների, իրոք
մտահոգում են Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների
լուծումներն ու պետության ժողովրդավարացման գործընթացը:
Ծրագրի հաջորդ քայլը ապրիլի 12-14-ը կազմակերպվող բանավեճի ակումբների
ցուցահանդեսն է, որին էլ կհաջորդի բանավեճի ակումբների միջդպրոցական
մրցաշարը: