Նորությունների արխիվ
Քաղաքացիական նախաձեռնության սեմինարներ և ուսուցողական շրջայցեր
"Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ" ծրագրի իրականացման ողջ ընթացքում Ջինիշյան հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ) և "Երիտասարդական նվաճումներ» կրթական ՀԿ-ն (ԵՆ)` համագործակցելով տարբեր միջազգային կազմակերպությունների և տեղական ՀԿ-ների հետ իրականացնում են քաղաքացիական նախաձեռնության սեմինարներ/ ուսուցողական շրջայցեր ծրագրի բանավեճի ակումբների անդամների համար: 

Այս սեմինարների ընթացքում բանավեճի ակումբների անդամներին հնարավորություն է ընձեռնվում ծանոթանալ տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների հետ, որոնց առաքելությունն է խթանել ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության գաղափարները, ինչպես նաև հանդիպել տարբեր փորձագետների, ՀԿ-ների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

2008-2009 ուսումնական տարվա ընթացքում բանավեճի ակումբների անդամները հնարավորություն ունեցան այցելել այնպիսի կազմակերպություններ և հաստատություններ, ինչպիսիք են ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը, ԵԱՀԿ հակակոռուպցիոն հանրային ընդունարանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, ՀՀ Սահմանադրական դատարանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Հայաստանի կենտրոնական բանկը, Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտը:

ՋՀՀ-ի և Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության համագործակցության արդյունքում և Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության աջակցության շնորհիվ` Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակում կանոնավոր կերպով կազմակերպվեցին ժողովներ` տարբեր քաղաքական կուսակցությունների, տեղական և միջազգային ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ: Բանավեճի ակումբների անդամներին եզակի հնարավորություն էր ընձեռնված հանդիպել այնպիսի մասնագետների հետ, ինչպիսիք են` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթևիկ Մնացականյանը, Ժառանգություն կուսակցության անդամներ Անահիտ Բախշյանը և Հովսեփ Խուրշուդյանը, Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ Մարիա Թիթիզյանը, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ Արա Նռանյանը, Հայաստան Համահայկական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մագդա Մարկոսյանը: Այս ճանաչողական սեմինարների ընթացքում մասնակիցները ոչ միայն ծանոթանում են այցելած կազմակերպությունների և հաստատությունների հետ, այլև ձեռք բերում նոր գիտելիքներ բանավեճի թեմաներին առնչվող որոշակի հիմնախնդիրների վերաբերյալ:



