Նորություններ : 2007 - 2008 : Վերապատրաստեցինք եւս 24 ղեկավար
Օգոստոսի 22-24 Երեւանում կայացավ «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ » ծրագրում ընտրված նոր դպրոցների ակումբների ղեկավարների վերապատրաստման դասընթացը:
Ղեկավարները ներկայացնում էին Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Գավառ, Սեւան եւ Երեւան քաղաքների 30 դպրոցներ:
Դասընթացի նպատակն էր վերապատրաստել ուսուցիչներին բանավեճի հիմունքների վերաբերյալ, ինչպես նաեւ սովորեցնել աշակերտների համար նմանատիպ դասընթացներ կազմակերպելու հմտություններ:
Ողջ նյութը բաժանված էր եւ մատուցվում էր բանավեճի տրամաբանական փուլերին համապատասխան` նախապատրաստական, բուն բանավեճի ընթացք եւ գնահատում: Շեշտը դրվեց նաեւ արդյունավետ բանավեճի նախապայմանների վրա, մասնավորապես` թիմային աշխատանքի, լսելու ունակության, առաջնորդութան, եւ այլն:
Դասընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար տեսական եւ գործնական մասերը հնարավորինս զուգորդվում էին: Այսինքն, այն հագեցված էր ինտերակտիվ խաղերով, որոնք հնարավորություն էին տալիս ոչ միայն զարգացնել գիտելիքները, այլ նաեւ բանավիճելու հմտությունները:
Դասընթացի մասնակիցներին ԵՆ-ի կողմից տրամադրվեցին կրթական նյութեր` կազմակերպության կողմից 2007 թ. վերահրատարակված «Բանավեճի հիմունքներ» ձեռնարկը, ինչպես նաեւ«ՁԵՌՆԱՐԿ ԲԱՆԱՎԵՃԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ վերաբերյալ դասընթացների ժամանակ օգտագործվող խաղերի », որը ներառում է դասընթացի ժամանակ կիրառված բոլոր խաղերի մեթոդաբանությունը:
Դասընթացի ավարտին մասնակիցները գնահատեցին դասընթացի արդյունավետությունն` այդ նպատակով նախօրոք մշակված հարցաթերթիկներով: Մասնակիցներից շատերը կանխատեսեցին, որ բանավեճի նման կառուցվածքը եւ յուրօրինակ մոտեցումը մեծ հետաքրքություն կառաջացնի աշակերտների մոտ:
Նոր բանավեճի ակումբների ստեղծման հիմքերը դրված են: