Բանավեճը վիճելի հարցի շուրջ տարբեր հիմնավորումների, փաստարկների, պնդումների ու ապացույցների ձեւակերպումն ու արտահայտումն է:
Ուսուցողական բանավեճը սովորեցնում է քննարկվող թեմայի շրջանակներում պաշտպանել Ձեր շահերն ու իրավունքները: Բանավեճի ընթացքում հնարավորություն եք ստանում քննարկել եւ վերլուծել հասարակական նշանակության բարդ խնդիրներ, ներկայացված փաստերի հիման վրա կառուցել հիմնավոր փաստարկներ, ինչպես նաեւ շեշտակի եւ տրամաբանական հակափաստարկների միջոցով հերքել հակառակորդ թիմի դիրքորոշումը:
Ժողովրդավարական հասարակությունում բանավեճը կատարում է մի շարք գործառույթներ`
օգնում է մարդկանց գնահատել ինչպես անցած ուղին, այնպես էլ ներկայի արժեքները: Հասկանալով անցյալը եւ ծանոթանալով տարբեր արժեքային համակարգերին` աշակերտները կարող են ավելի լավ գնահատել ներկան եւ ուրվագծել ապագան:
թույլ է տալիս մարդկանց գնահատել ընտրության իրավունքը` տվյալ խնդրի շուրջ ծավալելով համակողմանի քննարկումներ եւ առաջարկելով մի շարք լուծումներ:
ձեւավորում է այնպիսի հմտություններ, որոնց միջոցով մարդիկ կարող են ծավալել առողջ քննարկում: Այն նպաստում է լավ փաստաբաններ եւ հռետորներ նախապատրաստելուն, ինչպես նաեւ սովորեցնում է համբերությամբ լսել մարդկանց եւ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել մյուսների արտահայտած կարծիքների նկատմամբ եւ այլն:
Բանավեճում միշտ առկա է երկու կողմ`
"Կողմ" թիմը միշտ պաշտպանում է քննարկվող հարցադրման կամ բանաձեւի մեջ արտահայտված դիրքորոշումը, իսկ "Դեմ՚" թիմը` ներկայացնում է հակադրվող դիրքորոշում:
Բանավեճ-մրցույթի ընթացքում թիմերն իրենց դիրքորոշումն ապացուցելու համար համապատասխան փաստարկներ են ներկայացնում դատավորին կամ դատավորներին, ովքեր էլ որոշում են բանավեճ-մրցույթի հաղթողին:
Դատավորի որոշումը որեւէ կերպ կախված չէ բանավեճի թեմայի նկատմամբ նրա անձնական վերաբերմունքից: Դատավորը պետք է լինի անկողմնակալ եւ վերջնական որոշում կայացնի` ելնելով թիմերի պատրաստվածությունից:
Բանավեճի անցկացման տարբերակներից մեկն էլ մշակվել է YES ծրագրի շրջանակներում ստեղծված բանավեճի ակումբների համար: YES բանավեճի տեւողությունը 40 րոպե է: