Նորությունների արխիվ
Նորություններ : 2009 - 2010 : Տարվա ամենահանդիսավոր եւ թեժ իրադարձությունը
Մայիսի 4-6-ը Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայացավ Հանրապետական
մրցաշարը, որն այս տարի եւս լի էր հետաքրքիր եւ բովանդակալից բանավեճերով:
Հայաստանի մի շարք քաղաքներից մայրաքաղաք ժամանեցին
բանավեճի հավաքական թիմերը. բոլորը տրամադրված էին հաղթական, զինված էին գիտելիքներով,
եւ որպես սուր նրանց համար պետք է ծառայեին իրենց կողմից հավաքված փաստերն ու վերլուծելու,
տրամաբանելու ունակությունները: Ինչպես ասում էին մասնակիցները, իրենց համար կարեւորը
մասնակցությունն էր, ոմանց համար էլ նոր ընկերներ ձեռք բերելը:
Առաջին՝
նախընտրական փուլում, տեղի ունեցան 10 բանավեճ, որոնց արդյունքում 16 թիմ անցան հաջորդ
փուլ, դրանք էին՝ Աբովյանի, Արտաշատի, Մասիսի, Էջմիածնի, Աշտարակի, Սեւանի թիմերը,
Արմավիրի 2 թիմերը, Վանաձորից 2 թիմ, Երեւանի եւ Գյումրու 3-ական թիմերը: Ուրախալի
էր այն փաստը, որ այս տարի ծրագրին միացած Մասիսի, Արտաշատի եւ Աշտարակի բոլոր 3 թիմերը
հաղթահարեցին առաջին փուլը, սակայն մեզ դեռեւս ավելի մեծ անակնկալ էր սպասվում: Նախընտրական
փուլի համար ընտրված էր «ՀՀ ինտեգրումը Եվրամիությանը շահավետ է» թեման: Ինչպես
յուրաքանչյուր մրցույթ Բանավեճի Հանրապետական մրցաշարում եւս մասնակիցները հուզվում
էին, մտահոգվում եւ հատկապես լարվում էին դատավորների գնահատակները հնչեցնելու ժամանակ:
Սակայն խաղերն իրենց հունով շարունակվում էին եւ նույնսիկ մրցույթից դուրս
մնացած թիմերն էլ ուշադրությամբ հետեւում էին բանավեճերի ընթացքին՝ փնտրելով
իրենց ընկերների թիմերի սրահները:
Հաջորդ փուլը 1/8 եզրափակիչն էր: Այս փուլում անցկացվեցին 8 բանավեճ «ՀՀ պետական քաղաքականությունը նպաստում է սփյուռքի եւ հայաստանաբնակ հայերի մերձեցմանը» թեմայի շուրջ: Արդյունքում հաղթանակ տարան Էջմիածնի, Մասիսի, Գյումրու, Արտաշատի, Արմավիրի թիմերը եւ Երեւանից երկու թիմ:
3-րդ փուլը 1/4 եզրափակիչն էր. տեղի ունեցան 4 բանավեճ «ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանները պահպանվում են» թեմայով: Հատկապես այս թեմայի շուրջ մասնակացիները պատրաստել էին տեսանյութեր, պաստառներ, նկարներ, որնոք ավելի տեսանելի եւ բովանդակալից էին դարձնում խաղերը: Այս փուլի ավարտին 4 թիմեր հավաքեցին առավելագույն միավորներ, դրանք էին՝ Արտաշատի, Գյումրու թիմերը եւ Երեւանից 2 թիմ:
4-րդ փուլում՝ Կիսաեզրափակչում, անցկացվեցին 2 բանավեճ «Սպառողների իրավունքները ՀՀ-ում պաշտպանված են» թեմայի շուրջ: Արդյունքում որոշվեցին Հանրապետական մրցաշարում 3-րդ եւ 4-րդ տեղ զբաղեցրած թիմերը: 3-րդ տեղին, ըստ հավաքած միավորների, արժանացավ Գյումրու թիմը, իսկ 4-րդ տեղում էր Երեւանի թիմը:
Այսպիսով, Եզրափակիչ փուլ դուրս եկան Երեւանի եւ Արտաշատի թիմերը: Այս փուլում եւս
ընտրված էր «Սպառողների իրավունքները ՀՀ-ում պաշտպանված են» թեման, այս անգամ
մասնակիցները հանդես եկան հակառակ դիրքորոշմամբ: Բանավեճում որպես դատավորներ հանդես
եկան «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանը, ՀՀ Էկոնոմիկայի
նախարարի մամլո խոսնակ Գայանե Վարդանյանը, «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ» կազմակերպության
ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը, ԱյՖիԷս կազմակերպության ներկայացուցիչ Համազասպ Դանիելյանը
եւ անկախ վերլուծաբան, քաղաքագետ Էդգար Վարդանյանը: Ինչպես իրենց խոսքում
փաստեցին դատավորները երկու թիմն էլ հավասարապես փորձում էին ապացուցել իրենց դիրքորոշումը
եւ հարցադրումների միջոցով թուլացնել հակառակ դիրքորոշմամբ հանդես եկող թիմին, սակայն,
ըստ դատավորների բարձրացրած միավորների, 1-ին տեղը զբաղեցրեց Երեւանի թիմը, հետեւապես
2-րդ տեղում էր Արտաշատի թիմը: Պետք է մեկ անգամ եւս շեշտենք եւ հպարտանանք այս թիմով,
քանի որ նրանք առաջին տարին էին մասակցում Հանրապետական մրցաշարին եւ նրանց ցուցադրած
արդյունքները առավել քան գոհացուցիչ էին:

«Երիատասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի աշխատակիցների անունից շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն կազմակեպություններին, որոնք աջակցեցին ծրագրի Հանրապետական փուլին՝ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակին, UNICEF-ին, Եվրոպայի խորհրդին եւ այլոց: Շնորհակալություն ենք հայտնում նաեւ բոլոր դատավորներին, որոնք անկողմնակալ դատեցին մեր բանավեճերը, մեր ժամապահներին, որոնք հանդիսանում կամ հանդիսացել են բանավեճի ակումբականներ:
Ավելացնենք, որ
բացի բանավեճերից այս տարի եւս մասնակիցների համար կազմակերպվել էր երեկույթ, որն ամրապնդեց
ընկերական շփումները եւ մասնակիցներին մոռացնել տվեց իրենց հուզումները:
P.S. Ծրագրի մասին լուսաբանել են մի շարք հեռուստաընկերություններ եւ թերթեր: Տես հետեւյալ կայքերում՝
http://www.azatutyun.am/content/article/2034689.html
http://www.panorama.am/am/education/2009/05/06/banavej/
http://www.aysor.am/am/news/2010/05/06/schools/
|
Մեր մասին |
Նորություններ |
Բանավեճեր |
Ռեսուրսներ |
Մեր ակումբները |
ՔՆ սեմինարներ |
Պատկերասրահ |
©2006-2009 Debates.am. All rights reserved.
Design by e-Works Web Design Studio



